Ամուլսարի հարցում մեր ռազմավարությունը ճշմարտության հետևից մինչև վերջ գնալն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:13 • 12.03.20

Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ. այս մասին Ջերմուկում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ մի այսպիսի ընդգծում անել մեր այն հայրենակիցների համար, որոնք մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար: Ես ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ և առնվազն այս փաստի բերումով ես կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ: Այն մարդիկ, ովքեր ուզում են կորցնել հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրավիճակը հեղափոխությունից առաջ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Ամուլսարի հարցում ունի մեկ մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ: «Այդ անհամաձայնությունը հետևյալն է՝ մեր մի շարք սիրելի հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ էլ ասում են, որ հանքը պետք է աշխատի: Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ: Եվ ինչո՞վ է տարբերվում իմ անձնական դիրքորոշումը այս երկու դիրքորոշումներից. ես ասում եմ՝ մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, մինչև վերջ, անմնացորդ, ընդ որում, դա հեշտ ճանապարհ չէ: Շատերը հարցնում են՝ ո՞րն է Ձեր ռազմավարությունը Ամուլսարի հարցում, իմ պատասխանը չի փոխվում՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից, գնալ ու չվախենալ»,- շեշտեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: