Չինաստանը կորոնավիրուսի պատճառով լեռնագնացության համար փակել է Էվերեստը

12:04 • 12.03.20

Չինաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով Տիբեթի կողմից կասեցրել է դեպի Էվերեստի գագաթ լեռնագնացության հնարվորությունը։ Լեռնագնացության սեզոնը մեկնարկում է գարնանը, արշավորդները գագաթ են հասնում հիմնականում մայիսի վերջին։ Այս պահին լեռան նեպալյան կողմը դեռ բաց է, այնտեղից որոշ լեռնագնացներ իրենց ճանապարհն են սկսել դեպի բարձունք, հայտնում է scmp.com կայքը։

«Մինչ մենք տառապում  ենք ընկեր կորցնելու համար, բիզնեսը, աշխարհն ու կորոնավիրուսը կանգ չեն առնում։ Սա փոթորիկ է, որը մեր ընտրությամբ պատում է մեզ։ Այսօր Չինաստանը հայտարարել է, որ գարնան սեզոնին Էվերեստը փակ կլինի»,– Instagram սոցկայքի իր էջում է գրել է գիդ Ադրիան Բալինգերը՝ ընդգծելով, որ համամիտ է չինական կառավարության որոշման հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: