Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, գրում է Московский комсомолец պարբերականը:
Մարտի 12-ին այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Մասնավորապես, բոլոր նախարարությունները անցնում են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի:
Դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արտաքին գործերի, ֆինանսների և արդարադատության նախարարություններին:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը երկրի սահմաններին, որպեսզի չեզոքացնի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հայտնել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետը նշել է, որ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից ժամանած Վրաստանի քաղաքացիները երկշաբաթյա պարտադիր կարանտին կանցնեն:
«Վրաստան մուտքի ռեժիմը խստացվել է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: Ինչպես գիտեք՝ մենք արդեն որոշ սահմանափակումներ ենք մտցրել Չինաստանի, Հարավային Կորեայի և Իտալիայի համար»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Հիշյալ երկրներից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր 14-օրյա կարանտին կանցնեն, օտարերկրացիները սահմանին պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն, որ իրենք կորոնավիրուսի ստուգում են անցել կամ կրկին 14-օրյա կարանտին անցնեն:
Բացի այդ, Վրաստանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել առաջիկա մի քանի ամսում խուսափել երկրից դուրս գալուց:
Գախարիան նշել է, որ դա շատ կարևոր է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և կառավարությունը հուսով է, որ քաղաքացիները ականջալուր կլինեն հրահանգներին:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:










