Էջմիածնի թիվ 4 դպրոցի բուժքույրը մասնակցել է նույն նշանադրությանը, որին ներկա է եղել կորոնավիրուսով վարակված անձը. այժմ նա մեկուսացվել է. դպրոցի տնօրեն
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույրը ներկա է եղել Էջմիածնում մարտի 8-ին կայացած նշանադրությանը, որին մասնակցել է կորոնավիրուսով վարակված անձը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը:
Նա ներկայացրեց, թե երբ երեկ հայտնի է դարձել Էջմիածնի բնակչի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը, Առողջապահության նախարարությունից այցելել են բուժքրոջ տուն, զննել և ասել, թե առաջիկա 14 օրը չպետք է աշխատանքի հաճախի և պետք է խուսափի շփումներից:
«Այսօր եկավ և դպրոցի մուտքից էլ հետ գնաց: Բայց այս օրերի ընթացքում նա եկել է աշխատանքի, շփում ունեցել թե՛ անձնակազմի, թե՛ աշակերտների հետ: Դպրոցում երկու բուժքույր կա, նրանցից յուրաքանչյուրն աշխատում է օրական 4 ժամ»,-ասաց տնօրենը՝ հավելելով նաև, թե բուժքույրն ավելի ուշ հայտնել է, որ իրեն ու նշանադրությանը մասնակցած բոլոր անձանց տեղափոխում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոց:
Անդրադառնալով աշակերտների այսօրվա հաճախելիությանը՝ Մուրադյանը տեղեկացրեց, թե դպրոցն ունի 1229 աշակերտ, որոնցից առաջին հերթով դպրոց են հաճախում 992-ը:
«Առավոտվա դրությամբ 494 աշակերտ դպրոց էր հաճախել, բայց այս պահին մնացել են միայն 12-ը: Մյուսները, ծնողների ցանկությամբ, հետ են գնացել»,-ասաց դպրոցի տնօրենը՝ նշելով նաև, որ քանի դեռ դասերը դադարեցնելու հրահանգ չկա, կշարունակեն աշխատել:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության:










