Չինաստանի ամենահարուստ մարդը մոտ 1,8 միլիոն պաշտպանիչ դիմակ կտրամադրի վարակից տուժած եվրոպական երկրներին
Չինաստանի ամենահարուստ մարդը մոտ 1,8 միլիոն պաշտպանիչ դիմակ և 100 000 պաշտպանիչ պարագա է տրամադրելու վարակի բռնկումից ամենաշատ տուժած եվրոպական երկրներին, գրում է Daily Mail պարբերականը։
Համացանցային առևտրի ոլորտում աշխատող Alibaba ընկերության հիմնադիրը՝ Ջեք Ման, իր հիմնադրամի և Weibo կայքի միջոցով չորեքշաբթի հայտնել է կորոնավիրուսից տուժած երկրներին մեծ օգնություն տրամադրելու մասին։
Միլիարդատիրոջ խոսքով՝ օգնությունը կբաժանվի ամենաշատ տուժած եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Իտալիայի միջև։
Նա նաև նշել է, որ օգնությունը նախքան տարբեր երկրներում բաժանվելը սկզբում կտեղափոխվի Բելգիայի Liege օդանավակայան։
Հայտնի է, որ դեռևս ամսվա սկզբին Ջեք Ման արդեն 1 միլիոն դիմակ էր տրամադրել Ճապոնիային և Հարավային Կորեային։
Նա հունվարին 100 միլիոն յուան է ($14.4million) փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:
«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:
Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










