Կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված՝ պետք է անհապաղ փակել բոլոր ուսհաստատություններն ու չեղարկել մարդաշատ միջոցառումները. Միքայել Մելքումյան

15:12 • 12.03.20

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքով պայմանավորված՝ պետք է անցել կառավարման արտակարգ ռեժիմի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա ընդգծեց, թե քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համավարակ) հայտարարեց, դա նշանակում է, որ վարակի տարածումը կարող է ունենալ անկանխատեսելի արագ ընթացք, և հետևանքներն էլ կարող են լինել անկանխատեսելի:

Պատգամավորի խոսքով՝ այս պահին երկու անհետաձգելի գործողություն է պետք կատարել: «Առաջինը՝ անհապաղ փակել կրթական բոլոր հաստատությունները՝ մանկապարտեզներ, նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ: Միգուցե, պետք էր երկուշաբթի օրվանից էլ չվերաբացել: Երկրորդ՝ բոլոր զանգվածային միջոցառումները, որոնց մի քանի տասնյակից ավելի մարդ է մասնակցում, չեղարկել»,-ասաց նա՝ նշելով, թե կարևոր է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման ակտիվ գործընթաց անցկացնելը:

Ինչ վերաբերում է տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը, Միքայել Մելքումյանն ասաց, թե դեռ վաղ է կանխատեսումներ անել։

«Առաջին հերթին չպետք է թույլ տալ ֆինանսական ոլորտի փլուզում, որովհետև ռուսական ռուբլին, նավթի գների անկմամբ պայմանավորված, արժեզրկվում է: Պետք է կանխարգելիչ միջոցառումներ կատարենք, որովհետև պատրաստ չլինելը կարող է շղթայաբար տարածվող հետևանքներ առաջացնել»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Բոլոր 3 քաղաքացիները Հայաստան եկել են Իտալիայից: Նրանցից 2-ը ՀՀ քաղաքացիներ են: Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: