Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինի մեջ են գտնվում կորոնավիրուսի պատճառով. ԶԼՄ-ներ
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնան կարանտինի մեջ են գտնվում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արտասահման են մեկնել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նշվում է, որ թագավորական զույգն այս ամիս ավելի վաղ Հորդանանում է եղել: Կարանտինն այսօրվանից է սահմանվել, հիվանդության ախտանշաններ դեռևս չեն հայտնաբերվել:
Հաղորդվում է նաև, որ կառավարության ուրբաթօրյա նիստը թագավորը կանցկացնի տեսակապի միջոցով:
Կարանտինի մեջ են գտնվում նաև Նորվեգիայի կառավարության մի քանի նախարարներ, այդ թվում՝ առողջապահության նախարարն ու արտաքին գործերի նախարարը:
Նշենք, որ Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 620 դեպք, որոնցից մեկը՝ մահվան ելքով:










