Կորոնավիրուսի պատճառով այցելությունների համար փակվում են Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարն ու Իսպանիայի բոլոր պետական թանգարանները

22:31 • 12.03.20

Բարսելոնայում գտնվող Սուրբ ընտանիքի տաճարը («Սագրադա Ֆամիլիա») մարտի 13-ից փակ կլինի այցելուների համար: ТАСС  գործակալության փոխանցմամբ՝ այս միջոցառումն իրականացվում է՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը:

Տաճարի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ որոշում է կայացվել անորոշ ժամանակով դադարեցնել շինարարական աշխատանքներն ու այցելությունները:

РИА Новости-ի տվյալներով՝ Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր թանգարանները և մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր պետական արխիվները:

Մասնավորապես փակվել են Էլ Գրեկոյի թանգարանը Տոլեդոյում, Ալտամիրայի Ազգային թանգարանը, Սերվանտեսի տուն-թանգարանը Վալյադոլիդում, Հռոմեական արվեստի թանգարանը Մերիդայում, Հնդկաստանների գլխավոր արխիվը Սևիլյայում, Արագոնի թագավորության գլխավոր արխիվը Բարսելոնայում:  

Նախօրեին նման որոշման մասին հայտարարել էին Մադրիդում գտնվող թանգարանները, այդ թվում՝ Պրադոն, թագուհի Սոֆիայի թանգարանը և Տիսեն-Բորնեմեսի թանգարանը:

Իսպանիայում COVID-19 կորանվիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է հունվարի 31-ին: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 3000-ը, մահացել է 86 մարդ: Հիվանդացության դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Մադրիդում: