Կորոնավիրուսի դեպքով պայմանավորված՝ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» դասերը դադարեցվել են
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» Էջմիածնում կորոնավիրուս դեպքի արձանագրմամբ պայմանավորված՝ երկու- օրով փակվել է, երկուշաբթի օրվանից վերաբացվելու մասին քննարկումներ կիրականացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:
«Այսօր 498 աշակերտների մեծ մասը բացակայել է: Տնօրենին կից խորհրդի և ծնողական խորհրդի նիստ է անցկացվել, որից հետո դպրոցը փակելու առաջարկ է ներկայացվել դպրոցի տեսուչին, և փակման որոշումը կայացվել է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Բոլոր 3 քաղաքացիները Հայաստան եկել են Իտալիայից: Նրանցից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ: Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին:










