Թուրքական լրատվամիջոցներին բարկացրել են Երուսաղեմի հայկական թաղամասում Հայոց ցեղասպանության մասին փակցված քարտեզները (լուսանկարներ)
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն քարտեզները: Այս մասին գրում է yenisafak.com կայքը:
Լրատվամիջոցները մասնավորապես դժգոհում են, որ «Հայոց ցեղասպանություն 1915-1923» անվանումով քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները մասնատված են ներկայացված:
Իսրայելում թուրքական շրջանակները մտավախություն են հայտնել, որ եթե իրենք պատռեն կամ հանեն Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները, կարող են ձերբակալվել ազատությունը սահմանափակելու մեղադրանքով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «եթե անգամ քարտեզները վերացվեն, նորերը կրկին կփակցվեն»:
Նշվում է, որ այս քարտեզներում Օսմանյան կայսրությունը բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյանի մի հատվածում` Հայաստան, հարավ-արևելյանում` Քրդստան:
Քարտեզներում կարմիր գույնով նշված են այն շրջանները, որտեղ Օսմանյան կայսրությունը հայերի բնաջնջում է իրականացրել:











