Կորոնավիրուսի հետ կապված ունենք նոր իրավիճակ, չի բացառվում, որ սահամանափակող միջոցառում տեղի ունենա՝ այդ թվում նաև հանրահավաքների մասով․ նախարար
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում խնդիրը կոնկրետ դեպքը վաղ հայտնաբերելն է, թեստավորելն է, պոտենցիալ վարակակրի հետ շփումներ ունեցած մարդկանց շրջանակը պարզելն ու այդ փոխանցման ուղին կոտրելն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ դրանից ավել բան որևէ վարակիչ հիվանդության ժամանակ չի արվում:
Դիտարկմանը՝ քննադատներն ասում են աշխարհի բոլոր երկրներում խիստ միջոցներ են կիրառում, իսկ Հայաստանում քարոզարշավ է շարունակվում և կրթական հաստատությունները չեն փակվում, նա պատասխանեց. «Որոշումների առումով դեռ չշտապենք, որոշումները կայացվում են օրական և ժամային ռեժիմով, հնարավոր է ցանկացած պահի այլ որոշում կայացվի: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ այլ երկրներում խիստ միջոցառումներ են արվում, ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը նշեց, որ երբ կար կորոնավիրուսի վարակման մեկ դեպք, դադարեցվեցին դասերը, որոշվեց գարնանային 5 օր տևողությամբ արձակուրդը տեղափոխել առաջ, հիմա ունենք նոր իրավիճակ և այսօր որոշում կկայացվի այդ նոր իրավիճակին համապատասխան: «Որոշումն այս պահին կայացված չէ, թե չէ կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահամանփակող միջոցառում տեղի ունենա՝ այդ թվում նաև հանրահավաքների հետ կապված»,- տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Իտալիայից երբ էին ժամանել վարակակիրները, Արսեն Թորոսյանն ասաց, որ երկուսը՝ 10 օր առաջ, մեկը՝ երկու օր: Նա նաև տեղեկացրեց, որ 10 օր առաջ ժամանածներից մեկը որևէ մեկի հետ չի շփվել, Էջմիածնի բնակիչը, թեպետ ջերմել է ամսի 7-ին, բայց թաքցրել է դա: Թորոսյանը նաև նշեց, որ երբ գանգատներն ի հայտ են եկել, գանգատից հետո թեստավորել են, նրանց հետ շփված անձանց ամբողջ շրջանակը պարզված և մեկուսացված է:










