Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, օրական մինչև 100 հրդեհ ենք ունենում. Ֆելիքս Ցոլակյան

11:44 • 12.03.20

Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, օրական մինչև 100 հրդեհ ենք ունենում, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Արդեն դժվարություններ են առաջանում մի տեղից մյուսը գնալու, հրդեհները հանգցնելու հետ կապված: Իմ խնդրանքն այն է, որ տարածքային կառավարման մարմինները պետք է սրանով շատ լուրջ զբաղվեն: Գյուղացիներն իրենց հողի, այգիների ավելցուկը հավաքում են և այրում են, այրելուց հետո չեն հետևում դրան և կրակը տարածվում է, կրակի տարածման հիմնական աղբյուրը սա է»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ դրանից բացի, կան ուրիշ պատճառներ. «Անտառային տարածքներում ունենք հրդեհներ, որն այս սեզոնին հատուկ չէ: Կոնկրետ երեկ ունեցել ենք 95 հրդեհ: Իմ խնդրանքս է՝ բոլոր մարմինները ուշադիր լինեն, հիմնականում համայնքները համայնքի ղեկավարները, հետևեն որ սրանք չլինեն»,- ասաց նա: