ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ մասնակցել է «Թումո»-ի շենքում իրականացվող աշխատանքներին

17:27 • 12.03.20

Հայաստանում երեկ հայտնաբերված կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկը՝ Իտալիայի քաղաքացին, նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել է «Թումո»-ն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

««Թումո»-ի 6-րդ հարկում ընթանում է շինարարություն: Շինարարական խմբի հրավիրված մասնագետներից մեկն էլ վիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին է»,-մանրամասնեց Բուդաղյանը:

Նա ընդգծեց, որ այդ անձը չի ունեցել որևէ մուտք ո՛չ «Պիքսարտ» ընկերության, ո՛չ «Թումո»-ի աշխատանքային տարածք:

«Նա շենք մուտք է գործել աշխատանքային մուտքից ու բարձրացել հենց 6-րդ հարկ, որտեղ չկա ոչ մի աշխատակից՝ բացի շինարարական աշխատանքային խմբից: «Թումո»-ում կա մուտք, որից ներս են մտնում ուսանողները, և մուտք, որից ներս են մտնում «Թումո»-ի և մյուս գրասենյակների աշխատակիցները: Այսինքն՝ քաղաքացին ո՛չ «Թումո»-ի ուսանողների, ո՛չ աշխատակազմի հետ շփում չի ունեցել»,- ընդգծեց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավարը՝ նշելով նաև, թե տեղյակ չէ՝ շինարարական աշխատանքային խմբում քանի աշխատակից կա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Թումո» կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ կենտրոնում դասապրոցեսը մեկ ամսով դադարեցվում է:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության: Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք։