«Ռիսկը լուրջ է». Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է զբոսաշրջային սեզոնի մեկնարկը

11:47 • 12.03.20

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ քայլերի շրջանակում զբոսաշրջային սեզոնի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի վերջ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Համապատասխան հրահանգները տուրօպերատորներին և հյուրանոցներին է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:

Տուրօպերատորներին կոչ են արել  մինչև ապրիլի 15-ը դեպի Թուրքիա տուրեր չկազմակերպել:

«Եթե հաշվի առնենք համաճարակային վիճակը Եվրոպայում, ռիսկը լուրջ է»,-ընդգծել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նախարարը հավելել է նաև, որ վարակման մեկ կամ մի քանի դեպքերը դեռ չեն նշանակում, որ երկրում համաճարակ կսկսվի: Նախարարը քաղաքացիներին խորհուրդ է տվել  հետևել կանխարգելիչ պարզ քայլերին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել վիրուսի տարածման հնարավորությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: