Կորոնավիրուսի պատճառով Բելգիայում փակվել են դպրոցներն ու ժամանցի վայրերը
Բելգիայում մարտի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո որոշվել է փակել կրթական հաստատություներն ու ժամանցի վայրերը, տեղեկացնում է brusselstimes.com կայքը:
Ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Սոֆի Ուիլմեսը հայտարարել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլերի մասին. բոլոր ժամանցային միջոցառումները կչեղարկվեն, բոլոր ռեստորաններն ու սրճարանները կփակվեն: Մթերային խանութներն ու դեղատները բաց կմնան, բոլոր մյուս խանութները շաբաթվա ընթացքում բաց կլինեն և կփակվեն հանգստյան օրերին:
Դպրոցներում բոլոր պարապմունքները կդադարեցվեն, բայց դպրոցները խնամակալություն կսահմանեն այն երեխաների նկատմամբ, որոնց ծնողները դպրոցական ժամերին չեն կարողանա հետևել երեխաներին: Վարչապետը կոչ է արել տատիկներին և պապիկներին անձամբ չխնամել երեխաներին:
Հասարակական տրանսպորտը շարունակելու է աշխատել:
«Մենք ցանկանում ենք խուսափել այնպիսի իրավիճակից, ինչպիսին ստեղծվել է Իտալիայում»,-հայտարարել է վարչապետը:
Բոլոր կանխարգելիչ քայլերը ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսգիշերից և կգործեն մինչև ապրիլի 3-ը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:










