Կորոնավիրուսի պատճառով Չեխիան կփակի սահմանները օտարերկրացիների համար

16:18 • 13.03.20

Չեխիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել մարտի 16-ից արգելել արտասահմանյան այն քաղաքացիներ մուտքը Չեխիա, որոնք այդ երկրում կեցության իրավունք չունեն: Կարգելվի նաև Չեխիայի քաղաքացիների ելքը երկրից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին:

«Կառավարությունն այսօր որոշել է խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արվող քայլերը: Երկուշաբթի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 03:00-ից) արգելվում է մուտքը հանրապետություն բոլոր արտասահմանցիների համար, բացի նրանցից, ովքեր Չեխիայում կեցության իրավունք ունեն: Բացի այդ, կառավարությունն արգելել է մեր բոլոր քաղաքացիներին լքել պետության տարածքը»,- հայտարարել է վարչապետը:

Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: Կորոնավիրուսի թեստ է հանձնել 2353 մարդ: Հանրապետությունում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Չեխիայի կառավարությունը մարտի 12-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է 8 դեպք։