Էրդողանը կորոնավիրուսի պատճառով պաշտոնյաներին արգելել է դուրս գալ երկրից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով պաշտոնապես կասեցվել են բոլոր պետական ծառայողների ցանկացած տեսակի այցերն արտերկիր:
Թուրքիայի կառավարության պաշտոնական պարբերականում` Resmi gazete-ում հրապարակված փաստաթղթում որպես պատճառ է նշվում կորոնավիրուսի տարածում:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի կարգադրությունները:
Մարտի 13-ի դրությամբ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:










