Կորոնավիրուսով պայմանավորված՝ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի (տեսանյութ)
Նոր ախտորոշման դեպքեր այս պահի դրությամբ չունենք: Կայացրինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն՝ դասեր չեն լինի, և մարտի 18-19-ին ևս մեկ անգամ կանդրադառնանք այս թեմային և եթե գտնենք անհրաժեշտություն, կրկին կերկարաձգենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ 6 անձի մոտ է հաստատվել կորոնավիրուս, իսկ 88 անձ մեկուսացված է։
Ինչ վերաբերում է դիմակների գներին և առկայությանը, վարչապետը նշեց, որ դիմակների շուրջ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտություն չկա:
«Մարդիկ փողոցներում դիմակներ կրելու անհրաժեշտություն չունեն, դիմակ պետք է կրի այն մարդը, ով ախտանշաններ ունի և նրա հետ շփվող մարդը: Մնացածի դեպքում ավելի լավ է, օրինակ, հանդիպելիս ձեռքով չբարևել և բարևելիս չհամբուրվել: Սա շատ ավելի էֆեկտիվ է, քան դիմակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










