Թրամփը շփվել է բրազիլացի պաշտոնյայի հետ, որի մոտ ավելի ուշ կորոնավիրուս է հայտնաբերվել. Սպիտակ տնից պնդում են՝ նախագահը թեստ անցնելու կարիք չունի
Նախորդ շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող «Մար ա Լագո» առանձնատանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպած բրազիլացի պաշտոնյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է The Guardian պարբերականը:
Ֆաբիո Վայնգարտեն անունով պաշտոնյան, որը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աշխատակազմի անդամ է, ներկա է եղել Ֆլորիդա նահանգում երկու նախագահների մասնակցությամբ ճաշին:
Հինգշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, նախագահ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը գրերթե որևէ շփում չեն ունեցել Վայնգարտի հետ, հետևաբար՝ կորոնավիրուսի թեստ անցնելու կարիք չունեն:
Սակայն Վայնգարտը պաշտոնական այցի ժամանակ Instagram սոցիալական կայքի իր էջում Մայք Փենսի, Դոնալդ Թրամփի, բրազիլացի հաղորդավար Ալվարո Գարներոյի հետ համատեղ լուսանկար է հրապարակել: Միևնույն ժամանակ տեսանյութերից մեկում երևում է, որ Վայնգարտը կանգնել է հենց Թրամփի և Բոլսոնարուի հետևում:
Հիվանդության վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ուղեցուցերում նշվում է, որ կորոնավիրոսը կարող է տարածվել իրար մոտ հեռավորության գտնվող մարդկանց միջև (1 մետր):
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:










