Օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնել. ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել, իրավիճակը լուրջ է. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

12:45 • 13.03.20

Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում ենք, աշխատում ենք Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների հետ, որ հասկանանք եկողների վերջնական քանակը: Այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի՝ Կառավարությունում կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը»,-ասաց նա:

Հարցին՝ կավելանան երկրներ, որոնց հետ Հայաստանի օդային սահմանը կփակվի, Ռևազյանը պատասխանեց.

«Օդային սահմանը փակելը երևում է քայլ, որը բոլոր մեր խնդիրները կլուծի, բայց պարզ ասեմ, որ դա կարող է խնդիրը լրջացնել, որովհետև այն ուղևորները, որ եկել են ու վարակված են եղել, եթե տրանզիտային չվերթով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ եկողները մնացած ուղևորներից տարանջատված լինեն: Տրանզիտով գալու դեպքում դա շատ ավելի բարդ էր լինելու: Նրանք այնուհետև կմեկուսացվեն, թե ոչ, Առողջապահության նախարարության որոշելիքն է»,-ասաց Ռևազյանը՝ նշելով նաև, որ հարկ եղած դեպքում կորոշեն՝ Իտալիայից նոր չվերթ իրականացնել, թե ոչ:

Հարցին՝ նախատեսու՞մ են այլ չվերթեր ևս կազմակերպել և այլ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին բերել Հայաստան, Ռևազյանը պատասխանեց, թե դեռ վաղ է այդ մասին ասել:

Անդրադառնալով տարբեր ավիաընկերությունների կողմից չվերթերի չեղարկմանը՝ Ռևազյանը նշեց, թե դրանց հիմնական պատճառը ուղևորների՝ ուղևորություններից հրաժարվելն է, և չվերթեր իրականացնելը ավիաընկերությունների համար ձեռնտու չէ:

Հարցին՝ չվերթերի չեղարկմամբ քաղավիացիան ի՞նչ վնասներ կրեց, Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, թե վերջնական վնասների մասին դեռ վաղ է խոսել, բայց իրավիճակը շատ լուրջ է:

«Նման բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում: Հոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել: Երբ նայում եմ քաղավիացիայի տարբեր մասնագետների հայտարարությունները, այս իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Տնտեսությունը շատ է կախված փոխադրումներից: Այլ պետություններ շատ ավելի մեծ վնաս են կրում, քան մենք: Այսօրվա դրությամբ RyanAir-ն է չեղարկել չվերթերը, և ոչ միայն Հայաստանի հետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: