Աշխարհը փակում է սահմանները, սահմանափակում ուղևորությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար. Reuters

13:37 • 14.03.20

Աշխարհը փակում է սահմանները, սահմանափակում ուղևորությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, գրում է Reuters գործակալությունը:

Ամբողջ աշխարհում երկրները շարունակում են փակել սահմանները, սահմանել մուտքի և կարանտինային խիստ պահանջներ և սահմանափակել մարդկանց զանգվածային կուտակումները:

Աղբյուրը գրում է, որ ամերիկյան Apple ընկերությունը, Չինաստանից բացի, մինչև մարտի 27-ն ամբողջ աշխարհում կփակի իր բոլոր մանրածախ խանութները:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում փակվել են թանգարանները, զբոսաշրջային տեսարժան վայրերը և չեղյալ հայտարարվել մի շարք մարզական միջոցառումներ, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսի փոխանցման ռիսկը:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ կփակի երկրի սահմանները Վենեսուելայի հետ: 

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո, հաշվի առնելով վերջին ժամերի իրադարձությունները` թույլ տվեք տեղեկացնել, որ մարտի 14-ի ժամը 5.00-ից սկսած` կփակվեն Վենեսուելայի հետ բոլոր սահմանային անցակետերը»,-նշել է նա:

Սաուդյան Արաբիան վաղվանից երկու շաբաթով կդադարեցնի բոլոր միջազգային չվերթները, հայտնել Է SPA պետական լրատվական գործակալությունը:

Թայվանն, իր հերթին, ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանած ուղևորներից կպահանջի 14 օրով ինքնամեկուսացվել, մինչդեռ Նոր Զելանդիան երկիր մտնող բոլոր մարդկանց համար համանման միջոցներ կսահմանի:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է ուրբաթ 500-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հրապարակային միջոցառումների արգելման մասին:

Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ արտակարգ օրենքներ կներկայացնի զանգվածային միջոցառումներն արգելելու համար, ասել է կառավարության աղբյուրը:

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան, որտեղ բնակվում է մոտ 12 միլիոն մարդ, գիշերային պարետային ժամ է հայտարարել և առևտրի կենտրոններին կոչ է արել մեկ ամսով դադարեցնել իրենց աշխատանքը:

ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։

«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։