Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը 24 ժամվա ընթացքում «կմաքրի» երկրի փողոցները, խանութները և հասարակական վայրերը

14:51 • 14.03.20

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմաքրի» երկրի փողոցները, խանութները և հասարակական վայրերը, ինչը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ջանքերում կհանգեցնի կտրուկ էսկալացիայի, գրում է The Guardian-ը:

Գրեթե պարետային ժամը սահմանվել է այն բանից հետո, երբ Իրանի քաղաքացիներն անտեսում են տանը մնալու իշխանությունների կոչերը և իրանական Նոր տարվան՝ Նովրուզին ընդառաջ շարունակում են ճանապարհորդել, գրում է աղբյուրը:

Առողջապահության նախարարության լիազորությունների լիարժեք չկատարման և Իրանի կառավարության ջանքերի տապալման շուրջ ծագած վեճերը հանգեցրել են կառավարության մարտավարության փոփոխությանը, և կորոնավիուսի դեմ պայքարում երկիրը ներգրավել է նաև բանակին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա 24 ժամվա ընթացքում և կշարունակվեն ավելի քան մեկ շաբաթ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 5 մլրդ դոլար ֆինանսավորում ստանալու նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ):

Ավելի վաղ The Guardian պարբերականը լուսանկարներ էր հրապարակել՝ հայտնելով, որ արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ իրանական Ղոմ քաղաքում կան զանգվածային գերեզմաններ, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան ներկայացնում են իշխանությունները: 

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։