Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի

14:57 • 14.03.20

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշումը հաստատվել է 30 մարդու մոտ, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի կայքում, որը ստեղծվել է երկրի կառավարության կողմից, գրում է ria.ru-ն:

«Վարակվածները 30-ն են, կարանտինի ռեժիմում գտնվում է 418 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 55 մարդ»,- նշվում է կայքում:

ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։

«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։