«Այսօր ոչ ոք չի մտածում ընտրությունների մասին». Լեհաստանը կորոնավիրուսի պատճառով չի բացառել նախագահական ընտրությունների հետաձգումը
Լեհաստանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի կարող բացառել նախագահական ընտրությունների հետաձգումը, որը նախատեսված է մայիսին, չնայած մինչ օրս նման որոշում չի կայացվել, շաբաթ հայտնել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆնաքերը, գրում է Reuters-ը:
«Ընտրությունները նախատեսված են երկու ամսից: Առաջիկա օրերը առանցքային կլինեն, և քանի որ այս վարակը տարածվում է նաև Լեհաստանում, մենք կհետևենք դրա ընթացքին և ըստ այդմ կկայացնենք մեր որոշումը: Այսօր նման որոշում չկա, բայց դա չի նշանակում, որ ընտրությունների հետաձգումը բառացվում է»,- ասել է Շեֆնաքերը RMF FM ռադիոյին տված հարցազրույցում:
«Այսօր ոչ ոք չի մտածում ընտրությունների մասին, բոլորը մտածում են այն մասին, թե ինչպես կանգնեցնել այդ համաճարակը»,- հայտնել է նա:
Նշենք, որ Լեհաստանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 84 դեպքի մասին, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: Կառավարությունը ուրբաթ հայտարարել է, որ երկրի սահմանները կփակի օտարերկրացիների համար:
ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։
«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։










