Թուրքական դատարանը 125 տարվա ազատազրկման է դատապարտել 3 մարդու՝ սիրիացի փախստականների խորհրդանիշը դարձած 3-ամյա Ալան Քուրդիի մահվան գործով
Թուրքական դատարանը 125 տարվա ազատազրկման է դատապարտել մարդկանց թրաֆիքինգով զբաղվող երեք անձանցից յուրաքանչյուրին, որոնք մեղադրվում էին 2015 թվականին տեղի ունեցած սիրիացի փոքրիկի ողբերգական մահվան գործով: Այս մասին հայտնում է CNN-ը:
Խոսքը 3-ամյա Ալան Քուրդիի մասին է, որի անշնչացած մարմինը սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամի օրերին հայտնաբերել էին ծովափին: Վերջինիս լուսանկարը դարձել էր փախստականների ճգնաժամի տխուր խորհրդանիշը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դատապարտյալները, որոնք մարդկանց առևտրով զբաղվող օղակի կազմակերպիչներն էին, Ադանայում ձերբակալվել էին թուրքական անվտանգության ուժերի կողմից: Այլ թուրք և սիրիացի մեղադրյալներ ևս ազատազրկման են դատապարտվել փոքրիկի մահվան գործով:
Փրկարարական նավերից մեկը, որի ներկայացումը տեղի է ունեցել 2019-ին իսպանական Պալմա դե Մայորկայում այժմ կրում է փոքրիկի անունը:
Փոքրիկ տղայի ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերվել էր Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքի լողափերից մեկում, երբ փախստականներին տեղափոխող նավը խորտակվել էր ափամերձ ջրերում:










