Բրիտանական ավիաընկերության օդանավերը թռիչքի կեսից հետ են շրջվել՝ Իսպանիայի ընդունած սահմանափակումների պատճառով 

19:04 • 14.03.20

Բրիտանական Jet2 ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսպանիա, այդ թվում՝ Բալեարյան և Կանարյան կղզիներ:

Ընկերությունից նշել են, որ թռիչքները չեղարկվել են ի պատասխան Իսպանիայի կառավարության ընդունած սահմանափակումների:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Flightradar24-ի տվյալները, առնվազն 5 ինքնաթիռ, որոնք Միացյալ Թագավորությունից ուղևորվում էին Մալագա և Ալիկանտե, հետ են շրջվել կես ճանապարհից: Դա տեղի է ունեցել, երբ ավիաընկերությունը հայտարարել է դեպի Իսպանիա իրականացվելիք բոլոր չվերթերն անմիջապես չեղարկելու որոշման մասին:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի 15-օրյա արտակարգ դրություն է հայտարարել ողջ երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:  

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 5753 դեպք է հաստատվել, 136 մարդ մահացել է:  

Ողջ աշխարհում վարակակիր է 147 838 մարդ, մահացել է 5539-ը, ապաքինվել է 71 718-ը: