Սերենա Ուիլյամսն առաջիկա 6 շաբաթը կմեկուսանա կորոնավիրուսի պատճառով և ընտանիքի հետ կանցկացնի

20:37 • 14.03.20

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկում կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը, մարզուհին ինստագրամյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում ժամանակն անցկացնելու է միայն իր ընտանիքի՝ ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի և իրենց 2-ամյա դստեր՝ Օլիմպիայի հետ:

«Հաջորդ 6 շաբաթն անցկացնելու եմ միայնության մեջ՝ լինելով կին և մայր, եփելով և մաքրելով: Գարնանային մաքրություններ: Դիմահարդարման դասընթացներ: Ես ձեզ կպատմեմ, թե ինչպես են գործերն առաջ գնում… բոլորդ լավ մնացեք: Սա լուրջ է»,- գրել է Ուիլյամսը՝ կից տեսանյութ հրապարակելով, որում պատկերվում է, թե ինչպես է մարզուհին հարդարվում:

Ուիլյամսն այս գրառմամբ հանդես է եկել կորոնավիրուսի արագ տարածման ֆոնին:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ: