Կորոնավիրուսով պայմանավորված ապրիլի 5-ի հանրաքվեի ընտրական հանձնաժողովների անդամների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են. ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են։ Դասընթացները պետք է մեկնարկեին մարտի 15-ից:
«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են:
Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում: Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»,- գրված է հայտարարությունում:










