«Կորոնավիրուսից հետո կա կյանք». Կառավարությունում անհամաձայնություն է՝ արտակարգ դրության հարցերից մեկի շուրջ (տեսանյութ)
Կառավարությունում շարունակվում է քննարկվել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ մուտքը սահմանափակելու վերաբերյալ հարցը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կոչ արեց տարանջատել ուղևորափոխադրումը, բեռնափոխադրումը, և առանձին քննարկել: «Մենք ՀՀ ներսում քաղաքացիների տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ ենք քննարկում, բայց ՀՀ ներս ու դրսի տեսանկյունից ասում ենք՝ դա թողնենք բաց, ճկուն, սակայն արտակարգ դրության տրամաբանությունը հուշում է, որ եթե ուզում ենք ռիսկ կառավարել, դա էլ պետք է սահմանափակել»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ մեր բեռնափոխադրումների մի հատվածն իրականացվում է ավիափոխադրումներով, օրինակ՝ դեղորայքը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ ռիսկը կառավարելու համար ռապիտ թեստեր են գնվել և բոլոր եկող քաղաքացիները պետք է հանձնեն այդ թեստը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ այդ թեստերը ունենալով էլ՝ չեն կարողանում վերահսկել:
Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին նշեց, որ այդ ճկունությունը պետք է տալ պարետատանը՝ բեռնափոխադրումների հետ կապված: «Հակառակ դեպքում այն ռիսկը, որը կապված է վարակի տարածման հետ, չենք կառավարում, կամ լավ չենք կառավարում»,-ասաց նա և միացավ Զոհրաբ Մնացականյանի առաջարկին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որպես լուծում առաջարկեց արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը և միայն պարետի որոշմամբ սահմանել բացառություններ, ինչին վարչապետը դրական արձագանք տվեց:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շարունակեց պնդել, որ հենց ամբողջապես սահմանափակումների որոշումը հրապարակվի, ոչ մի ավիաընկերություն չի գա Հայաստան: «Սա սխալ է մեր դեպքում, ինձ թվում է՝ պետք է առողջապահության նախարարի կարգավորումներով գնալ առաջ: Ես կարծում եմ, որ պետք է շատ վստահ լինենք, որ փոստային առաքումները իդեալական լինեն, հատուկ ուշադրության կենտրոնում լինեն և ոչ մի խոչընդոտ չլինի»,-ասաց նա:
Առողջապահության նախարարը նշեց, որ եթե ամբողջովին փակվի, ապա ռապիտ թեստերը ո՞վ է բերելու. «Ես կողմ եմ ամբողջությամբ փակվելուն, բայց կդիմանա՞նք»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը ևս համաձայնեց, որ բացառությունները պարետին թողնելը լավագույն լուծումն է: «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսից հետո կա կյանք»,-ասաց նա:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջարկեց, որ եկող քաղաքացիներին 14 օր ինքնամեկուսացման կարգավորում տրամադրվի: Վարչապետը հայտնեց, որ փետրվարի քսանից հետո Իրանից 2092 ՀՀ քաղաքացի է եկել, Իտալիայից՝ 761, Ավստրիայից՝ 543 քաղաքացի: «3500 մեկուսացված քաղաքացի պետք է ունենայինք, որից հիվանդ են եղել 5-6 հոգի: Ձեր ասած տարբերակը չի լինի, մեր հույսն այն է, որ մարդիկ քիչ գան, բայց կգան, կասեն՝ մեկուսացրեք, մի հատ էլ տեսնեն, որ Հայաստանում հինգ աստղանի հյուրանոցում են մեկուսացնում, տասնյակ հազարներով կասեն գնանք, Հայաստանում մեկուսացվենք, ո՞վ է դրա տակից դուրս գալու»,-ասաց նա:
Վարչապետը անդրադարձավ հուղարկավորությունների խնդրին: «Մենք խնդիր ունենք կապված թաղումների հետ, մենք ուրիշ կարգավորում ենք տվել, ասել ենք, որ պարետը կարող է որոշել, որ այս քաղաքում ռեստորանները փակվում են, ես առաջարկում եմ, որ տարածքային սահմանափակումները պարետի որոշմամբ լինեն: Այստեղ տրամաբանությունն այն է, որ որոշումն ընդունելուց հետո թաղմանը քսան հոգուց ավել մարդ չի կարող մասնակցել, բայց եթե համաճարակային տրամաբանությունը զարգանա, ոչ մեկ չի նեղանա, եթե պարետը ասի, որ քսան հոգուց ավելի թաղման, ծննդյան, կամ հարսանիքի արարողություններին չմասնակցեք»,-ասաց նա:










