ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին․ ստորագրվել է 24 որոշում

11:13 • 18.03.20

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում: Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները:

Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում: