«Մենք կարծես փակ աչքերով նետով կրակում ենք, բայց թիրախը չենք տեսնում». Կառավարության եզրակացությունը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորների նախաձեռնությանը
Տնտեսական մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնք քվեարկության չընդունվեցին, քանի որ պատգամավորները կողմ չարտահայտվեցին:
«Իմ քայլի» զեկուցող պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ տնտեսվարողներին, ներդրողներին առաջարկում են հայտարարել, որ դադար են վերցնում և այս ընթացքում չեն կարող դիմել նոր մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության համար: «Կարող են դիմել երկու տարի հետո, քանի որ մենք այս ընթացքում զբաղված ենք լինելու այդ քարուքանդ օրենսդրությունը վերանորոգելով»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում ինչ-որ մեկը մետաղական հանքի թույլտվության համար չի դիմելու: «Ինչն է մեզ խանգարում պատասխանատու և իրավական տեսանկյունից գրագետ մոտենալ այս հարցին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագծի՝ ներդրումների վրա հնարավոր բացասական ազդեցությանը, Մերի Գալստյանը նշեց, որ ներդրումների համար այս վիճակն այդքան էլ բարենպաստ չէ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը տեղեկացրեց, որ բուն նախագծի հետ կապված հիմնավոր դիտարկումները բացասական են:
«Սովորաբար հանքարդյունաբերությունը, ընդերքի օգտագործումը երկու-երեք տարով չէ և բուն արդյունահանումը սկսելու համար առնվազն տասը տարի է հարկավոր լինում, այսինքն սա երկու տարվա օրենք չէ, տվյալ ոլորտը տասը տարի հետ քայլ է կատարում: Այսինքն ուսումնասիրություններից մինչև արդյունահանման փուլ առնվազն տասը տարով երկիրը կարող է հետ գցել, թեկուզ երկու տարվա օրենք է: Ա-ից Բ կետը չունենալով՝ մենք կարծես փակ աչքերով նետով կրակում ենք, բայց թիրախը չենք տեսնում և կարող ենք ինքներս մեզ վնաս տալ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ 2016 թվականին է վերջին թույլտվությունը տրվել:










