Օրինական հավաքին համագյուղացու մասնակցությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել Արշալույս գյուղի բնակչին․ ՔԿ

10:42 • 18.03.20

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը, որի ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն պատկանող խանութի մոտ բռնության գործադրման սպառնալիքով, համագյուղացուն արգելել է մասնակցել համայնքի ղեկավարի հրաժարականին հասնելու պահանջով իրականացվող օրինական հավաքներին, որի հետևանքով խաթարվել է համագյուղացու՝ օրինական հավաքներին մասնակցելու իրավունքը, և նա զրկվել է այդ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացումից: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Բավարար ապացույցների համակցությամբ Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: