Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 147 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 1135-ի
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1135-ի, վարակման գրանցված դեպքերի քանակը 17 361 է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Ռաիսիին:
«Գրանցվել է վարակման 1192 նոր դեպք, այս տվյալներն էլ հաշվի առնելով՝ կորոնավիրուսով ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17 361-ի: Առողջացել է 5710 մարդ: Ցավոք, մեկ օրվա ընթացքում մահացել է 147 մարդ, զոհերի ընդհանուր թիվը 1135 է»,-տեղեկացրել է փոխնախարարը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 200 000 դեպք։
Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:










