Լիմոնովն Արցախում` հերոսների կողքին, հուղարկավորվելու ցանկություն էր հայտնել

15:04 • 18.03.20

Մարտի 17-ին Ռուսաստանում մահացել է գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որը հաճախ էր անդրադառնում Արցախյան հակամարտության ու Հայկական հարցին:

2017 թվականի ամռանը ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը այցելել էր Արցախ, գրում է rusarminfo.ru կայքը:

Արցախ կատարած իր այցերից մեկից հետո Լիմոնովը հոդված էր գրել, որում նշել էր, որ այնտեղի  հայերը շատ ավելի մոտ են ռուսներին, քան շատ սլավոնական ազգեր ու երկրներ և որ Ռուսաստանը պետք է աջակցի նրանց:

Գրողի կարծիքով՝ ճանաչելով Արցախի անկախությունը՝ Ռուսաստանը «կարող է լավ ապրել և ուղիղ կապ հաստատել Իրանի հետ»:

Արցախ այցելելուց հետո Լիմոնովը ներառվել էր Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»:

2018 թվականին լույս է տեսել Լիմոնովի «Մոնղոլիա» խորագրով լրագրողական վեպը, որի գլուխներից մեկը կոչվում է «Գյուլիստան»: Այստեղ նա խոսում է Ղարաբաղի հայերի մասին:

«Հավատի եղբայրները կարող են  ոչ թե ավելի պակաս, այլ ավելի մեծ եղբայրներ լինել Ռուսաստանի համար, քան արյունակից եղբայրները»,-գրել է Լիմոնովը:

Մահվանից մեկ տարի առաջ` 2019 թվականի փետրվարին Լիմոնովը իր բլոգում գրառում էր կատարել, գրելով, որ ցանկանում է թաղված լինել Արցախում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լիմոնովը 77 տարեկան էր: Նշվում է, որ հոկտեմբերին նրան հոսպիտալացրել էին առողջական խնդիրների պատճառով: