Ամերիկացին ընկերոջն աշխատանքի է հասցրել և միլիոնատեր դարձել

22:34 • 19.03.20

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շելբի քաղաքի բնակիչ Քեննեթ Քրուսը վիճակախաղի տոմս է գնել ընկերոջը մատուցած ծառայության դիմաց ստացած գումարով և 4 մլն դոլար է շահել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, թոշակի անցած հրշեջ Քեննեթը երբեմն աշխատանքի է տանում ընկերոջը, որը մեքենա չունի: Սովորաբար նա հրաժարվում է գումար վերցնելուց, որն իրեն առաջարկում է ընկերը, սակայն մի անգամ վերջինս պնդել է, որ Քեննեթը վերցնի 60 դոլարը և նրան առաջարկել է վիճակախաղի տոմս գնել այդ գումարով:

Քեննեթը հետևել է ընկերոջ խորհրդին և տեղի խանութից 3 տոմս գնել՝ յուրաքանչյուրը 20 դոլարով: Առաջին տոմսով նա ոչինչ չի շահել, երկրորդը 30 դոլարի շահում է բերել, իսկ երրորդը՝ 4 մլն դոլարի:

Նա արդեն ստացել է իր շահումը և մտադիր է այդ գումարով նոր տուն կառուցել իր համար և օգնել բարեկամներին: