Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների մասին տեղեկություններն այսուհետ կտարածվեն միասնական տեղեկատվական հարթակի միջոցով
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսուհետ կգործի Արցախ / Տեղեկատվական շտաբ էջը, որի նպատակն է ԶԼՄ-ներին և հանրությանը տրամադրել կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ Արցախի Հանրապետության կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով գործունեության վերաբերյալ տեղեկություններ․
«Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ, ս.թ. փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
Կարևորելով ԶԼՄ–ների դերը՝ հանրային կարևոր իրողությունների համակողմանի և անաչառ լուսաբանման գործում, սույն հանձնաժողովի շրջանակներում գործարկում ենք տեղեկատվական շտաբ, որը համակարգելու է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը և հանդիսանալու է Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը, որտեղ կտեղադրվի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
ԶԼՄ-ների մեր գործընկերներին նախապես տեղեկացնում ենք, որ մեզ մոտ տարբեր տեղեկատվական հարթակներից հավաքվելու են հանրության համար հետաքրքրություն ներկայացվող հարցադրումներ, որոնց պատասխաններն ըստ անհրաժեշտության տրվելու են կամ մեր լրահոսով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչների մամուլի ասուլիսների, հայտարարությունների կամ տեղեկատվական նյութերի տեսքով:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»:










