ՌԴ-ում կորոնավիրուսի վարակակրի մահ է արձանագրվել. բժիշկները հայտնել են մահվան իրական պատճառը

16:01 • 19.03.20

Բժիշկները պաթոլոգոանատոմիական փորձաքննության արդյունքում պարզել են Մոսկվայում կորոնավիրուսի վարակակրի մահվան պատճառները, հայտնել են վարակի իրավիճակի վերահսկման շտաբում, գրում է ria.ru-ն։

Հաղորդվում է, որ կնոջ մահվան պատճառը պայմանավորված չէ վարակով: Դա թոքային զարկերակի զանգվածային երկկողմանի թրոմբոէմբոլիայի հետևանք է:

«Չնայած հիվանդի մոտ կենդանության օրոք հաստատվել է կորոնավիրուսային վարակ, մահվան պատճառ է դարձել ոչ թե թոքաբորբը, այլ պոկված թրոմբը: Մահվան պահին թոքերի փոփոխություններ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ, որտեղ նաև նշվում է, որ հիվանդն ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում մահացել է 79-ամյա մի կին, որի մոտ կորոնավիրուս են ախտորոշել: 

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 000 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։  Վիրուսից ապաքինվել է ավելի քան 85 000 մարդ։ 


Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: