Աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի՝ COVID-19 ժամանակագրությունը
Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսը տարածված է շուրջ 150 երկրներում, և ըստ մարտի 19-ի տվյալների՝ խլել է 8997 կյանք։
Վարակն ի հայտ եկավ 2019թ․ դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։
Մարտի 19-ի դրությամբ ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ կա կորոնավիրուսով վարակվածության 221,323 հաստատված դեպք։
Համաճարակի հետ կապված՝ չեղյալ է հայտարարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթը, ֆուտբոլի Եվրոպայի 2020թ․ առաջնությունը։
Թեպետ Չինաստանն է համարվում վիրուսի «հայրենիք»-ը, սակայն այս պահին վարակի էպիկենտրոն է համարվում Եվրոպան՝ Իտալիան։ Վարակված դեպքերի քանակով Եվրոպայում առաջատարն Իտալիան է՝ 35,713 հաստատված դեպքով, հաջորդը՝ Իսպանիան՝ 14,769 հաստատված դեպքով, 3-րդ տեղում Գերմանիան է՝ 12,327 հաստատված դեպք։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում մեր հարևան Իրանն է՝ 17,361 դեպք։ Հայաստանում, այս պահի դրությամբ, գրանցված է 122 դեպք, առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, վարակը «Հայաստան է բերվել» Իրանից։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ՝ պանդեմիա հայտարարեց։
Այս որոշման համար պատճառ դարձավ վարակի տարածվածության աշխարհագրությունն ու գրանցվող դեպքերի արագությունը։
Ստորև՝ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում գրանցված դեպքերի և մահերի թիվը՝ ըստ 2020 թ․ մարտի 19-ի տվյալների։
Կորոնավիրուսի դեպքերն աշխարհում, 19․03․2020
(Թվերը կարող են փոփոխվել յուրաքանչյուր վայրկյան։ Աղբյուրը՝ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտություն)







Կորոնավիրուսը Չինաստանում
2019 թ․ դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Ապա հայտնի դարձավ, որ հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։ Դեռևս չկա հստակ բացատրություն, թե ինչպես է վարակն առաջացել, սակայն, ըստ որոշ ենթադրությունների, այն մարդուն է փոխանցվել կենդանու միջոցով։ Հունվարի 22-ից Ուհանում կարանտին էր հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր, իսկ քաղաքը փակվել էր մուտքի և ելքի համար, իսկ արդեն հունվարի 30–ին Չինաստանի իշխանությունը հայտարարեց, որ ավելի քան 7771 մարդ է վարակված կորոնավիրուսով, գրանցված է մահվան 170 դեպք:
2020 թ․ փետրվարի 25-ի դրությամբ՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել էր 78.000-ի, 29.000 մարդ բուժվել էր, այս մասին հայտարարել էր Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։
Արդեն մարտի սկզբում Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել էր, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը։ Նրա խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Նշված նահանգի սահմաններից դուրս երկրում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք, որից 6–ը՝ «ներմուծված»։ «Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, համաճարակի այս ալիքի պիկը երկրում արդեն անցել է»,- նշել է Մի Ֆենգը:
Կորոնավիրուսը Իտալիայում
Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Եվրոպայում և աշխարհի մյուս երկրների թվում։ Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 475 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 հազարին, գրեթե 34 հազար մարդ հիվանդ է: Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Իտալիայի ամբողջ տարածքում փակվել են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:
Դադարեցվել են նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվել են հասարակական վայրերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվել են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները։
Մի շարք ավիաընկերություններ, ինչպիսիք են British Airways-ը, EasyJet-ը և Ryanair–ը, չեղարկել են թռիչքները դեպի Իտալիա։
Կորոնավիրուսը Հայաստանում
Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց 2020 թ․ մարտի 1-ին։
Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակը ՀՀ–ին չի սպառնում․ «Կորոնավիրուսը ու՞մ շունն է»,–ասել էր նա։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Կառավարության նսիտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վախենալու ոչինչ չկա։
Այնուամենայնիվ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստան եկան ՀՀ մի շարք քաղաքացիներ։ Փետրվարի 28-ին Թեհրանից Հայաստան ժամանած տղամարդու մոտ մարտի 1-ին հայտնաբերվեց կորոնավիրուս, որը դարձավ առաջին դեպքը ՀՀ–ում։ Կնոջ մոտ վարակ չէր հայտնաբերվել։ Մարտի 1-ին կորոնավիրուս ախտորոշված քաղաքացուն օրերս դարձյալ թեստավորել էին, պատասխանը բացասական էր, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։
Կորոնավիրուսի հաջորդ 3 դեպքերը գրանցվել էին Իտալիայից ՀՀ ժամանած քաղաքացիների մոտ: Նրանցից մեկը՝ էջմիածին քաղաքից էր և Հայաստան էր եկել փետրվարի 29-ին: Վարակված քաղաքացին մասնակցել էր որդու նշանադրությանը, որի ժամանակ էլ վարակել էր միջոցառման մյուս քաղաքացիներին։ Դրանից հետո գրանցվեցին ներքին վարակման դեպքերը։
Վարակի հաջորդ օջախը դարձավ Երևանի Շենգավիթ համայնքի ֆաբրիկաներից մեկը, որտեղ այցելել էր կորոնավիրուսով վարակված մի իտալացի։ Վերջինս թաքցրել էր վարակված լինելու փաստը։
Հանրագումարով այսօր ՀՀ–ում գրանցված է կորոնավիրուսի 122 հաստատված դեպք։ Վարակվածներից մեկը բուժքույր է։
Մարտի 16–ին ՀՀ Կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում որոշում կայացրեց ՀՀ–ում արտակարգ դրություն հայտարարելու մասին առաջարկն ուղարկել ԱԺ։ ԱԺ-ն էլ նույն օրը արտահերթ նիստով ՀՀ–ում մարտի 16-ից ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ։
Նշենք, որ ՀՀ–ն ժամանակավորապես փակեց Իրանի հետ պետական սահմանը, սակայն բեռնափոխադրումների իրականացումը հնարավոր է։ ՀՀ–Վրաստան պետական սահմանը ևս ժամանակավորապես փակ է ուղևորափոխադրումների համար։










