Դուք ոչ մի անգամ ականջալուր չեղաք ինձ, որ կատարողականի 38 մլն դրամն իզուր տեղն է ծախսվում, գետառը, գետերը ոչ մի անգամ չեն մաքրվում․ Արմեն Ներսիսյանը՝ Հայկ Մարությանին

14:13 • 19.03.20

Ես կատարողականի մեջ տեսնում եմ, որ 38 մլն դրամ գետառի համար փող է հատկացվել․ ուղղակիորեն զարմացած եմ՝ Դուք ականջալուր չեղաք ոչ մի անգամ ինձ, որ այդ 38 մլն դրամն իզուր տեղն է ծախսվում, գետառը ոչ մի անգամ չի մաքրվում, գետերը չեն մաքրվում: Այս մասին ավագաու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ դիմելով քաղաքապետին:

Նա նշեց, որ ամբողջական խնդիրները ներկայացրել է Կամո Արեյանին: «Ուզում եմ հասկանալ՝ երբ եք ականջալուր լինելու ձեր ավագանի գործընկերոջ խոսքերին, կամ այդ 38 միլիոնը սարքեք 100 միլիոն, որ տարին չորս անգամ մտնեն այդ գետերը, մաքրեն, կամ այս 38 միլիոն դրամը օգտագործեք ավելի բարենպաստ գործերի համար, թող տենց կեղտոտ էլ մնա, որովհետև մեր բնակչությունն էլ անխնա կերպով ոչնչացնում է մեր բնությունը, մեր գետերը: Մտածեք տարբերակներ, լսեք ձեր գործընկերներին, նրանք ոչ մեկի վատը չեն ուզում: Հասկացեք՝ մենք ամբողջ օրը շփվում ենք մարդկանց, բնության հետ և ավելի լավ ենք տեղկեցաված, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում, չէի ասի, որ Դուք էդպես հետաքրքրված եք»,- ասաց Ներսիսյանը:

«Սա էն տարբերակն է՝ ամուսինը գալիս է տունը, կինն սկսում է՝ երեխան սա չունի, նա չունի, բաղնիքը սենց եղավ, նա նենց եղավ, հա բայց էդ ամեն ինչի համար փող չկա, որ միանգամից արվի, ժողովուրդ»,- արձագանքեց քաղաքապետը և հավելեց, որ գետառն էլ պետք է անել, մանկապարտեզն էլ, ասֆալտապատումն էլ, աղբահանությունն էլ.

«Ամեն ինչն էլ պետք է անել, գոյություն ունեն չափաբաժիններ, և քաղաքային իշխանությունը նրա համար է, որ այս տարվա ճիշտ չափաբաժինը հատկացնի տվյալ խնդրին: Գնահատողը ժողովուրդն է, ժողովուրդը կգնահատի: Ավագանին էլ վերահսկողն է, մենք ավագանու ասածները լսում ենք, քննարկում ենք ու կայացնում ենք որոշում, հիմա որոշումն այսպիսինն է»,- ասաց նա