Իշխանությունները գրաքննություն հաստատելու փորձ են անում. կարող է ոչ հիմնազուրկ տպավորություն առաջանալ, որ այս արտակարգ դրության առաջին թիրախը ԶԼՄ-ներն են. Նարինե Մկրտչյան
Հաշվի առնելով ԶԼՄ-ների խմբագիրների վերջին մի քանի օրերի արձագանքը իրավասու մարմինների պահանջներին՝ այս կամ այն հրապարակումը հեռացնելու, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ գրաքննություն հաստատելու փորձ է արվում, ինչը շատ վատ նախանշան է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԶԼՄ-ներին առնչվող սահմանափակումներին:
«Սահմանված չափանիշները, կարծես, դուրս են դուրս են գալիս արտակարգ դրության ընթացքում ԶԼՄ-ների իրավունքները պահպանելու շրջանակից և առանձնապես իրավաչափ չեն թվում: Կարող է ոչ հիմնազուրկ տպավորություն առաջանալ, որ այս արտակարգ դրության առաջին թիրախը լրատվամիջոցներն են»,-նշեց նա:
Նրա խոսով՝ խիստ կամայական կարելի է մեկնաբանել՝ որն է, օրինակ, խուճապ առաջացնող հրապարակում: «Ի վերջո, կա նաև հետևյալը՝ փակ տեղեկատվության դեպքում խուճապը շատ ավելի է մեծանում: Պետք է արձանագրել, որ ԶԼՄ-ների վրա գրաքննոթյուն սահմանելու, սահմանափակումներ տարածելու փորձերը միանգամայն անընդունելի են՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արտակարգ դրությունը էական սահմանափակումներ չի տարածում, օրինակ, ժամանցի վայրերի վրա, պարետային ժամ էլ չկա: Տպավորություն է, թե առաջին հերթին թիրախավորել են ԶԼՄ-ներին»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, թե այդքան նստելու և լրատվամիջոցների հրապարակումները կարդալու փոխարեն ավելի լավ է արդյունավետ կազմակերպել վիրուսի տարածման կանխարգելման աշխատանքը:
Մկրտչյանը հիշեցրեց նաև, որ երբ տարիներ առաջ Մամուլի ազգային ակումբի և այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վիճարկել են ԱԺ ԶԼՄ-ների մասին օրենքը, իրենց կարգախոսը մեկն է եղել՝ «Ոչ գրաքննությանը»։
«Գրաքննության հաստատման յուրաքանչյուր փորձ մերժելի է, որովհետև ԶԼՄ-ն իր գործն է անում, և բոլորը պարտավոր չեն 100 տոկոսով վստահել իշխանության տարածած լրատվությանը: Լավ է՝ հենց սկզբից կանխարգելել իշխանությունների նման գործելակերպը, չի կարելի դուրս գալ սեփական լիազորությունների շրջանակից»,-ասաց նա:
Մկրտչյանն ընդգծեց՝ իշխանության պարտավորությունն է այս իրավիճակում հասարակությանը դուրս բերել նվազագույն կորուստներով, իսկ մեծ պարտավորությունները ենթադրում են նաև մեծ իրավունքներ: «Այս իմաստով ես չեմ վիճարկում նրանց՝ որոշակի կարգավորումներ մտցնելու իրավունքը, միաժամանակ կարծում եմ, որ ԶԼՄ-ներին իշխանությունների հետ թշնամացնելն ամենավատն բանն է, որ կարող է անել երկրի իշխանությունը, և հենց իր համար: Չի կարելի ելնել այն կանխավարկածից, թե ԶԼՄ-ները երկրի թշնամիներն են և ուզում են իրավիճակն ավելի սրել»,-ամփոփեց Մամուլի ազգային ակումբի նախագահը:










