Համաճարակը վերահսկելի դարձնելու նպատակով մոտ մեկ տոննա կանխարգելիչ, պահպանիչ և ախտահանիչ բժշկական ապրանքների ներկրում ենք կազմակերպել. Զարեհ Սինանյան (տեսանյութ)

17:07 • 19.03.20

Մեր գրասենյակը ամենօրյա կապի մեջ է գտնվում օտարերկրյա մեր համայնքների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Իրանում մեր հայրենակիցներն ապրում են արտակարգ իրավիճակում, և մինչ այս պահը՝ վարակով պայմանավորված Իրանում մենք ունենք մեկ մահ: Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայի վերաբերյալ հատուկ տեղեկություններ չունենք»,- ասաց նա և հավելեց, որ հայրենակիցներից շատ դիմումներ են ստացել, որոնցով նրանք փորձում են տեղեկություն ստանալ Հայաստան վերադառնալու հնարավորությունների վերաբերյալ:

«Ասեմ, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մենք սփյուռքից որոշ ապրանքներ են ստացել․ համաճարակը վերահսկելի դարձնելու նպատակով մոտ մեկ տոննա կանխարգելիչ, պահպանիչ և ախտահանիչ բժշկական ապրանքների ներկրում ենք կազմակերպել: Գործընթացը շարունակական է »,- ներկայացրեց նա և հավելեց, որ շատ միջոցառումներ են եղել նախատեսված, սակայն դրանց մի մասը չեղարկվում, իսկ մյուս մասը հետաձգվում է:

«Ապրիլին զատիկյան այցեր պետք է տեղի ունենային Սիրիա և Լիբանան, սակայն չեղարկել ենք դրանք: Չեղարկվել է նաև ՌԴ այցը, հավանական է նաև, որ Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա այցերը կչեղարկվեն»:



Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ հայ համայնքների հետ կապը պահպանվում է, սակայն այս իրավիճակը ազդել է իրենց բնականոն գործունեության վրա: «Արդեն տրամադրվում ենք այն մտքին, որ այս ամառ սփյուռքահայերի ավանդական ներհոսքը չի լինելու»:

Հարցին, թե արյդոք Սփյուքից գումարներ փոխանցվո՞ւմ են Հայաստան, Սինանյանն ասաց, որ տեղյակ չէ, սակայն իր կարծիքով՝ այս դրությունը Սփյուռքից օգնություն չի ակնկալում:

«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ և ՀՀ-ից դուրս բնակվող հայրենակիցները ևս այս ամենի զոհն են: Ցավով եմ ասում, բայց չեմ կասկածում, որ հաջորդող օրերին մյուս երկրներում վիրուսը սրվելու է և սա այն պահը չէ, որ Սփյուռքում մեծ ոգևորությամբ սկսելու են գումարներ հավաքել և ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դա կսկսվի, բայց այս պահին մարդիկ իրենց դարդերով են տարված»,- ասաց Սինանյանը:

Սինանյանը հիշեցրեց, որ այլ երկրներում իսկապես խուճապ է և արդեն մեկ շաբաթ է խանութները դատարկ են, ուստի մեր հայրենակիցները ևս այդ իրավիճակով են շարժվում: