Իռլանդիան մերժել է Թրամփին պատկանող կալվածքի շուրջ ահռելի պատ կառուցելու առաջարկը

13:13 • 19.03.20

Իռլանդիայի իշխանությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Doonbeg Golf Resort-ի շուրջ ծովի մակարդակի բարձրացման պատճառով պատ կառուցելու առաջարկը, գրում է The Guardian-ը։

An Bord Planála գործակալությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Դաուգմոր ծոցում 38 000 տոննա քաշով պատնեշը կարող է վնասել ավազաթմբերը:

Trump International Golf Links Ireland Enterprises Limited-ը, որը պատկանում է ԱՄՆ նախագահի ընտանիքին, ցանկություն է հայտնել պատ կառուցել՝ ուժեղ փոթորիկներից և ծովի մակարդակի բարձրացումից իրենց գոլֆի խաղադաշտերը պաշտպանելու համար։

Աղբյուրը գրում է, որ պատնեշի կառուցմանը կողմ են նաև մի շարք բնակիչներ և քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դա կպաշտպանի ոչ միայն գոլֆի դաշտը, այլ նաև ֆերմաներն ու աշխատատեղերը։ Հանգստավայրում աշխատում է շուրջ 300 մարդ։

«Խորհուրդը մտահոգած է, որ  պատի շինությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ տեղանքի ֆիզիկական կառուցվածքի, ֆունկցիոնալության և նստվածքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։