«Այդքան գովերգված եվրոպական համերաշխության վրա նեղության պահին հույս դնել չի կարելի». Neue Zürcher Zeitung-ը՝ կորոնավիրուսի պայմաններում ԵՄ պահվածքի մասին

14:11 • 19.03.20

«Եվրամիությունը շատ ճգնաժամեր է վերապրել, բայց Covid-19-ը ցնցում է նրա հիմքերը»: Այս մասին գրում է inopressa.ru կայքը` մեջբերելով շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականին:

«Ճգնաժամերը ճշմարտության ժամանակն են: Արդյո՞ք Եվրամիությունն իր իրական դեմքը ցույց տվեց կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Արդյո՞ք չինական բեռնատար ինքնաթիռը, որը վայրեջք կատարեց Հռոմում և 31 տոննա մարդասիրական բեռ բերեց, դարձավ Միության ձախողման նշանը: Համենայնդեպս, կիրակի երեկոյան Իտալիայի դատարկ փողոցներում ու հրապարակներում լսվում էր ոչ թե Եվրամիության հիմնը, այլ Չինաստանի ազգային օրհներգը»,-նշել է իր հոդվածում լրագրող Դանիել Շտայնվորտը:

«Ընդհանրապես կարևոր չէ, թե ԵՄ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում ինչն է մոտիվացրել Պեկինին և ինչ է նա մտածել. փաստ է, որ ԵՄ երկրներն այս ճգնաժամում դեռևս իրենց ցույց չեն տվել դրական կողմից: Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից պաշտպանիչ դիմակների և բժշկական սարքավորումների արտահանման սահմանափակումներն այն պարագայում, երբ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն օգնություն էր խնդրում,  լավ չի ընդունվել Հռոմում: Հավանաբար այնտեղ արդեն հասկացել են, որ այդքան գովերգված եվրոպական համերաշխության վրա նեղության մեջ հույս դնել չի կարելի»,-նշել է հոդվածի հեղինակը:

Մինչդեռ սահմանները փակելու հարցով Շտայնվորտը գրում է հետևյալ.«Եվրոպայում, որը միշտ հպարտացել է իր բաց սահմաններով, արգելքներ են դրվում: Շենգենյան համաձայնությունը, որը շատերը համարում են եվրոպական համագործակցության մարգարիտ, փաստացիորեն չի գործում, ինչը հասկանալի է՝ երկրները ցանկանում են պաշտպանել իրենց բնակչությանը վարակից: Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք այս սահմանափակումները կհանգեցնեն մատակարարման շղթայի և ներքին շուկայի գործունեության խաթարման, թե ոչ: Այդ ժամանակ խաղասեղանին կդրվի ոչ ավել, ոչ պակաս ԵՄ գոյության իմաստի հարցը»,-ասված է հոդվածում:

«Եվրամիության համար կորոնավիրուսի համաճարակը փորձություն է, որը շատ հնարավոր է գերազանցի «Բրեքզիթ»-ը, 2008 թվականին եվրոյի ճգնաժամը կամ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը: Իհարկե, դեռևս վաղ է խոսել ձախողման մասին, միգուցե արտաքին սահմանները փակած, բայց դեռևս միասնական թվացող ԵՄ-ն այս ճգնաժամից ավելի ամրացած դուրս գա, սակայն այն փաստը, որ համաճարակի վաղ շրջանում ամենատուժած երկիրը (Իտալիան) լքված մնաց Բրյուսելի կողմից, շատ վատ նշան է»,-եզրափակել է հոդվածագիրը: