Իտալիայի քաղաքներից մեկում հաջողվել է կանխել կորոնավիրուսի տարածումը՝ հետազոտելով բոլոր բնակիչներին

21:34 • 19.03.20

Իտալիայի Վո Էուգանե կոմունայում կարողացել են կանխել COVID-19 կորոնավիրուսի տարածումը և խուսափել նոր դեպքերի գրանցումից:

Ինչպես հայտնում է ВВС-ն, այս մասին հայտնել է Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Անդրեա Կրեսանտին: Նրա խոսքով՝ 3400 բնակիչ ունեցող քաղաքում սկսել են ակտիվորեն հետազոտել բոլորին՝ անկախ ախտանշանների առկայությունից:

Բոլոր բնակիչները հետազոտություն են անցել կորոնավիրուսի բացահայտման համար: Վիրուսը հայտնաբերվել է բնակչության 3 տոկոսի մոտ: Վերջիններիս և նրանց հետ շփում ունեցած մարդկանց խիստ կարանտինի են ենթարկել: Մեկուսացման 10 օրից հետո հիվանդների թիվը նվազել է 90 տոկոսով:

Առնվազն վեց մարդու մոտ կրկին ախտանշաններ են նկատվել և նրանց կրկնակի կարանտինի են ուղարկել: Այժմ այդ փորձը մտադիր են կիրառել Վենետո մարզի ողջ տարածքում, որտեղ օրական 11 000 հետազոտություն են իրականացնելու: