Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Մարալիկի ծննդատունը հղիներին ռիսկի չենթարկելու համար ընդունում է ծնունդներ, սակայն հայտնի չէ՝ ինչ կլինի արտակարգ դրությունից հետո. Մարալիկի ԱԿ տնօրենի ԺՊ

18:17 • 19.03.20

Մարալիկի ծննդատան փակման հարցը մնացել է օդից կախված, թե ինչ կլինի արտակարգ դրությունից հետո՝ անարոշություն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջապահության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Նշենք, որ այս պահին ծննդատունը պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությամբ դեռ գործում է:

«Այս տարվա մեջ՝ հունվարից մինչ օրս մենք արդեն 9 ծնունդ ենք ընդունել, մեկը երեկ գիշեր է ծնվել, երեկ չէ առաջին օրն էլ է ծնվել երեխա»,- ասաց Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ծննդատունը նոր սարքավորումներ ձեռք է բերել, Անուշ Հովսեփյանը նշեց. «Ունենք երկու նոր կարդիոմոնիտոր, որոնք նվեր ենք ստացել, մեկը՝ Հրանտ Թումասյանից՝ ղարբաղյան պատերազմի մասնակից, մյուսն էլ՝ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից, երկուսն էլ աշխատող են: Ունենք Հրանտ Թումասյանի կողմից հովանավորված կենտրոնացված թթվածնային համակարգ: Ներգրավվել են նոր մասնագետ՝ նեոնատոլոգ»:

Ինչ վերաբերում է ծննդատան փակվելուն, Հովսեփյանը նշեց, որ իրենց ժամանակ էին տվել, որ ամեն ինչ ըստ նորմատիվների անեն, ունենան մակարդակ, բայց երբ կատարվեց ուսումնասիրությունը, մեզ չտրվեց մակարդակ:

«Գոյություն ունեն մակարդակներ՝ առաջին, երկրորդ, երրորդ: Այսինքն՝ մակարդակ նշանակում է, հաստատությունից պահանջում են բավականին նորմատիվներ, չափորոշիչներ, եթե դու ապահովում ես այդ չափորոշիչները, քեզ տրվում է այդ մակարդակը, որ դու կարողանաս աշխատել, եթե ինչ-որ բան կա պակաս, չի տրվում այդ մակարդակը: Հիմա մեզ չի տրվել այդ մակարդակը, բայց քանի որ մենք երկրում ունենք հայտարարված արտակարգ իրավիճակ, կրկնակի ռիսկերի չենթարկելու համար մեր հղիներին, մենք ստիպված եղանք ընդունելու վերջին երեք ծնունդը»,- ասաց նա:

Հովսեփյնը նկատեց՝ ծննդատան փակման հարցը մնացել է օդից կախված. «Չունենք որոշակի որոշում, ուղղակի կասեցվել է պետպատվերի տեղադրումը դեռ դեկտեմբերի 15-ից: Հետագա քայլերը չգիտենք ինչ են լինելու. թե ինչ կլինի արտակարգ դրությունից հետո՝ անարոշություն է, ես չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց շատ կուզենայի իմանալ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը ժամանակ էր հատկացրել ծննդատանը՝ վերազինվելու, առկա խնդիրները լուծելու համար, ինչի դեպքում թույլ կտար, որ ծննդատունը շարունակեր աշխատել: