Տղերք, մենք բոլորս ենք մեղավոր լինելու, եթե մետրոյի կամ ճոպանողու ծրագիրն ուշանա. Արթուր Մեսչյանը դիմեց Երևանի ավագանու անդամներին (տեսանյութ)

16:31 • 19.03.20

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել։ Այս մասին այսօր ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք ունենք մեր համար պատասխան, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Կոնկրետ մետրոյի վերաբերյալ կարող եմ ասել, որ այս պահին այն հարակից տարածքում, որտեղ պետք է լինի կայարանը, ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - ասաց Մարությանը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ անդրադարձավ ճոպանուղու և մերտոյի կայարանի կառուցման նախագծերին: «Ես հուսով եմ, որ այն տարբերակը, որով մենք շարժվում ենք այսօր՝ խոսքը վերաբերում է և՛ մետրոյին, և՛ ճոպանուղուն, եթե խանգարող հետևանքներ չլինեն, երկու ծրագրի դեպքում էլ հաջողված, տեսանելի արդյունք կունենանք այս տարվա մեջ: Այստեղ կա նուրբ խնդիր․ այսօր կա կազմակերպությունը, որը պատրաստ է անել շինարարությունը, բայց կա խնդիր, որ եթե այսօր քաղաքապետարանը, պարոն քաղաքապետը վերջնական պատասխանը տա այդ ընկերությանը, որը պատրաստ է կամուրջի և մետրոյի շինարարությունն իրականացնել, անմիջապես հարց կծագի՝ ինչի՞ համար մրցույթ չեք անում: Տղերք, եթե մրցույթի դնեն, սա տևելու է տարի, տարի ու կես: Այս հարցը պետք է նայվի, ուրախալի լուրն այն է, որ մեքենան տեղից շարժվել է»,- նշեց նա:

Մեսչյանն ասաց, որ կարծում է՝ այս տարվա մեջ գոնե կամուրջի շինարարությունը կսկսեն: «Ճոպանուղու ծրագիրը նույն խնդիրն ունի, եթե մրցութային, տենդերային խոսացկությունները չսկսեն, ընկերությունը շատ արագ կարող է այս ծրագիրն իրականացնել»,- նկատեց նա:

Դիմելով ագավանու անդամներին՝ Մեսչյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ այստեղ մենք՝ ամբաստանյալներս նստած ենք ու ստանում ենք հարցեր, թե ինչու չեք արել. Եթե մետրոյի կամ ճոպանուղու ծրագիրն ուշանա մենք բոլորս ենք մեղավոր։ Մենք միասին մի թիմ ենք, էդ ծրագիրը պետք է իրականացնենք: Սա պետք է լինի մշտական ձեր ուշադրության տակ, ոչ թե նստեք, ամիս անցնի, մենք տանջվենք, տարբեր դռներ ծեծենք, տղերքը նախագծի էսքիզը վերջացրել են, և դուք հանկարծ մեզ հարց տաք՝ բա ո՞ւր է մետրոն: Տղերք, մետրոն այնտեղ է, որտեղ դուք եք, մետրոյի և ճոպանուղու ծրագիրը պետք է իրականացնենք միասին»: