ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հարկավոր է հնարավորինս շուտ անցկացնել. ներկայիս անորոշ, «յոլլա» գնալու վիճակից ուսանողների սերունդներ են տուժում. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)

20:09 • 19.03.20

Երևանի պետական համալսարանում տիրող անորոշ իրավիճակը բացասաբար է ազդում համալսարանի գործունեության, ուսումնառության կազմակերպման, կրթության որակի վրա: Որքան ձգձգվի այս վիճակը, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

«Հենց այսօր Երևանի ավագանու նիստ է տեղի ունեցել, որին 50-ից ավելի մարդ է մասնակցել: Կարծում եմ՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը ևս շատ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է և ինչքան շուտ անցկացվի այդ ընտրությունը, այդքան լավ կլինի՝ իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները, արտակարգ դրության ռեժիմը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ:

Մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ ԵՊՀ ռեկտորի առաջադրված 5 թեկնածուներն այդքան էլ իշխանությունների, այսպես ասած, սրտով չեն, ինչի համար էլ, հնարավոր է, որևէ թեկնածուի ներկայացված ծրագիր հավանության չարժանանա, ռեկտոր ոչ ոք չընտրվի, և տապալվի գործընթացը:

«Չենք ուզում հավատալ, որ դիտումնավոր գործընթացներ կարող են լինել, որի արդյունքում կտապալվի, իսկ եթե տապալվի և նոր ԺՊ նշանակվի, շատ վատ կլինի:Շատ-շատ վատ հետևանք կարող է ունենալ և պատասխանատվությունը համալսարանի վրա չի լինի: Համալսարանում առկա այս որոշակի տուրբուլենտ իրավիճակը մեծ մասամբ նաև այդ անորոշության հետևանքով է: Երբ որ ԺՊ-ի մակարդակով է կառավարվում համալսարանը, նշանակում է, որ չկա երկարաժամկետ գործունեության, պլանավորման ծրագիր: Իսկ ցանկացած զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ պլանավորում: Երբ դա չենք ունենում, իներցիոն կառավարում է գնում, այսպես ասած, յոլլա ենք գնում են 1-2 տարի, ուսանողների սերունդներ են տուժում դրանից»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: