Վատ չէ, որ վիրուսի դեմ պայքարի համար գումար են փոխանցում, բայց լավ կլիներ, որ դա պարգևավճար չլիներ, այլ փոխանցումն անմիջապես բյուջեից արվեր. Ստեփան Մարգարյան
Տրամաբանությունը չեմ հասկանում. մարդը ոչինչ չարած պարգևավճար է ստանում և մեծահոգաբար օգնության տրամադրում: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով ԱԺ պատգամավորների՝ մարտ ամսվա պարգևավճարները ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղելու մասին:
Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Նա նշել էր, որ այս քայլն արվում է իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ։
«Վատ չէ, որ վիրուսի դեմ պայքարի համար գումար են փոխանցում, բայց լավ կլիներ, որ դա պարգևավճար չլիներ, այլ փոխանցումն անմիջապես բյուջեից լիներ: Ի՞նչ է նշանակում պարգևավճար ստանալ և մեծահոգաբար այն օգնության տրամադրել:»,- դիտարկեց Մարգարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ դեռ չստացած պարգևավճարներն են ցանկանում փոխանցել՝ Մարգարյանը նշեց, որ չի կարող ասել, թե փոխանցում կատարելն ինչ մեխանիզմով է որոշվել, բայց իր կարծիքով՝ ամեն ամիս էլ պարգևավճար են ստանում:
«Իրենք պաշտոնական տվյալներ չեն տալիս, թե ով ինչպես է պարգևավճար ստանում, գուցե արդեն ստացել են, մենք չգիտենք, ոչ մի պաշտոնական տեղեկություն չի տրվում»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե դեռ չեն ստացել այդ պարգևավճարները, ստանալուց հետո փոխանցում կատարելն ուշ չի՞ լինի՝ նախկին պատգամավորն ասաց, որ իսկապես չգիտի և չի հասկանում գործողությունների հաջորդականությունը:
«Մենք դեռ չգիտենք, թե պարգևավճարների ամբողջ ծավալը որքան է, անունը դրել են անձնական տվյալներ ու չեն հրապարակում: Մի քիչ դժվար է այս թեմայով արդարացիության մասին խոսել, բայց անհասկանալի է, թե հունվար-փետրվար ամիսներին ինչ արեց պատգամավորը, որ պարգևավճարի արժանացավ»,- նկատեց նա:
Մարգարյանը նշեց, որ իր՝ պատգամավոր լինելու ժամանակ, նման գործելաոճ չի եղել և չի եղել այնպես, որ պարգևավճար ստանան նույնիսկ այն պատգամավորները, որոնք աշխատանք չեն կատարել, իսկ հիմա կարող են ամսական մի քանի անգամ պարգևավճար ստանալ և գաղտնի պահել:
«Եթե մեկը հնարավորություն ունի վիրուսի կանխարգելման համար փող փոխանցելու՝ գովելի է, սա իրենց հնարավորություններից չէ, բայց իրենք համարում են, որ դրան արժանի են: Չգիտեմ, սա գալիս է պարգևավճարի անհասկանալի ներկայից գաղափարներից»,- ամփոփեց նա:










