Այս ռեժիմը չպետք է բանեցվի և դառնա «մահանա» ԶԼՄ-ներից տարատեսակ նյութեր հանելու համար. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

23:02 • 20.03.20

Ես ուզում եմ քննարկումը սկսել հետևյալ լուրից․ դերասան Իդրիս էլբանը չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից, սա լուր է, որը պարետատան պահանջով հանվել է մամուլից: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իրավական որոշակիության խնդիր կա, այս ամենը մեր երկրում կորոնավիրուսի տարածման տվյալների սխալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը նման ձևով է մեկնաբանում ու հանել է տալիս: Այս ամբիոնից վարչապետը ասել է՝ որևէ քննադատության սահմանափակումը չի վերաբերելու, վերաբերելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին»,- ասաց նա:

«Հիմա իրավական որոշակիության հարց կա: Ասում եք՝ պարետատունը կասի, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի՝ ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ: Օրենք ենք ընդունում մինչև 5 տարի ազատազրկման սանկցիայով և, բնականաբար, չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղեր թողնել: Կարող եմ մի քանի հարց էլ ես ավելացնել․ իսկ եթե մարդը միայնակ է բնակվում և ցուցում կա ինքնամեկուսանալու, ո՞վ է  հաց առնելու իր համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու, բերի, տա, որ ինքը դուրս չգա, որ իրեն չբռնեն»,- ասաց նա և հավելեց.

«Ես կարծում եմ, որ որևէ կերպ չպետք է այս ռեժիմը բանեցվի և դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար, այն պետք է վերաբերվի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը»:

Մարուքյանը նկատեց, որ ոչ ոք նման կեղծ տեղեկատվություն չի էլ տարածում, և կա պաշտոնական տեղեկատվություն, բոլորը դա կիսվում են:

«Մենք կողմ ենք, բայց սովորական ռեժիմով գրավոր առաջարկներ էլ ենք տալու, որովհետև պետք է որոշակիություն մտնի»,- եզրափակեց Մարուքյանը: