ԶՈւ-ում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել, ձեռնարկվող միջոցառումների արդյունքում բանակում հիվանդացությունների վերջին 10 տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցվել․ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
Այս պահի դրությամբ զինված ուժերում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ասուլիսը:
Նրա խոսքով՝ ձեռնարկվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում նվազել է ընդհանրապես հիվանդացությունների թիվը բանակում․ վերջին 10 տարվա ամենացածր ցուցանիշն է գրանվել հիվանդացությունների։
«Զինված ուժերում իրականացվող բոլոր միջոցառումները կտրուկ իջեցրել են սուր շնչառական հիվանդությունների թիվը։ Պայմանավորված է նրանով, որ դրսից ներս շարժը չկա, ներսից դուրս՝ արձակուրդներ չեն տրամադրվում, այցելություններ չկան, զինվորներին սննդամթերք չեն ուղարկում, քաղաքացիական անձանց մուտքն արգելվել է զորամասեր։ Վերջին 10 տարվա ընթացքում զինված ուժերում հիվանդացության այսպիսի ցածր ցուցանիշ չենք ունեցել ։ Ներկա իրավիճակը մեզ համար ոնց որ զորավարժություն լինի, սրանից լավ «պայմաններ» մեզ համար չէր կարող լինել»,- նշեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը։
Սահակ Օհանյանը հակիրճ ներկայացրեց նաև ԶՈՒ-ում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Մասնավորապես, զորամասերում արգելվել է ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը, իսկ պայմանագրային կազմին հորդորվել է արձակուրդների ընթացքում հնարավորինս ՀՀ տարածքը չլքել․ «Վերահսկողության տակ վերցվեցին ՀՀ տարածքից դուրս գտնվող զինծառայողները, ովքեր ուսանում էին տարբեր երկրներում կամ արձակուրդում էին։ Վերադառնալուց հետո բոլորը հաշվառվեցին և ամենօրյա մոնիտորինգի միջոցով մենք իրազեկվում ենք և համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում»,- ասաց գնդապետը։
Նրա տեղեկացմամբ՝ պայմանագրային զինծառայողների և սպաների համար առավոտյան հսկիչ անցագրային կետում ջերմաչափում է իրականացվում և ջերմություն արձանագրելու դեպքում նրանք միանգամից մեկուսացվում են և համապատասխան միջոցառումներ են իրականացվում։
«Մեկ ամսվա ընթացքում ջեմող զինծառայողների պարագայում բացահայտվել են զուտ սուր-շնչառական այլ հիվանդություններ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, զինված ուժերում կորոնավիրուսի դեպք չկա։ Երեկոյան տողանի ժամանակ բժշկական ծառայությունը հարցում է անում, բոլորը կապ են պահում զորամասերի բժիշկների հետ, ամբողջ պրոցեսը վերահսկվում է»,- հայտնեց Սահակ Օհանյանը։
Ինչ վերաբերում է ահազանգերին, որ Արցախի և Հայաստանի զորամասերից զինվորներին տեղափոխում են Երևան, ռազմաբժշկական վարչության պետը նշեց․ «Զինված ուժերի բժշկական ծառայությունը անկախ իրավիճակից նաև իրականացնում է իր բնականոն աշխատանքները, ոչ միայն կապված կորոնավիրուսի հետ։ Բոլոր կայազորերում առկա են ռազմաբժշկական հաստատություններ, որոնց միջոցով խնդիրներին լուծում ենք տալիս, բայց այո, լինում են դեպքեր, երբ որևէ դժվարամատչելի հետազոտության նպատակով, որը կայազորերում չունենք, դրա համար որոշում է կայացվում նման զինծառայողներին տեղափոխել Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար»։










